44 երկրների 150 ֆիլմ՝ 7 օրում. ընտրվել են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ավանդական 4 մրցույթների ֆիլմերը

16:53 • 15.06.12

«Ոսկե Ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի 150 ֆիլմ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով ֆիլմերի մրցութային ծրագրերը, ասաց «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը՝ նշելով, որ ընտրություն կատարելը բավական բարդ է եղել:



«Երկար- բարակ վիճելուց հետո, մենք 1250 հայտերից ընտրեցինք 44 երկրից ուղարկված մոտ 150-ը: Ասում եմ մոտ, քանի որ հնարավոր է մի քանիսը ավելանան»,-ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրենը:
Վերջինս նշեց, որ ֆիլմերի քանակը միշտ էլ այսքան է եղել, իսկ պատճառը՝ սահմանափակ տեղերն են. «Աշխատում ենք չավելացնել, որպեսզի ծանր վիճակի մեջ չհայտնվենք»:


Միքայել Ստամբոլցյանն անդրադարձավ արդեն մրցութային ծրագրերին՝ նշեց, որ ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները՝ խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում ներկայացնելով 65 ֆիլմ: Մյուս ֆիլմերը կներկայացվեն արտամրցութային ծրագրերում:


Նա խոսեց խաղարկային ֆիլմերից՝ նշելով, որ ընտրվել են 12 ֆիլմեր՝ տարբեր երկրներից, որոնք կգնահատի 5 հոգուց բաղկացած ժյուրին: Ըստ նրա, խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրիի կազմը կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011թ. ժյուրիի անդամ, իսպանացի Վիկտոր Էրիսեն:
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը ներկայացրեց վավերագրական ֆիլմերի ծրագիրը՝ նշելով, որ ստացած 600 հայտից ընտրվել են ընդամենը 12-ը: Նա նշեց, որ այս ցուցակում ընդգրկվել է նաև հայկական ֆիլմը:


Վերջինիս խոսքով, վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արման Երիցյանի ֆիլմն առաջին հայկական վավերագրական ֆիլմերից, է, որը ոչ թե Հայաստանի մասին է, այլ Աֆրիկայի:


Կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ կան փոփոխություններ. « «Հայկական համայնապատկեր» ծրագիրն այս տարի ճյուղավորվել է երկու ենթաբաժինների՝ խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական»,- ասաց նա և նշեց, որ համապատասխանաբար կազմվել է ժյուրիի երկու առանձին կազմ: Ըստ ծրագրի պատասխանատուի՝ այս տարի ստացել են, ընդհանուր առմամբ, 70 ֆիլմերի հայտ, որոնցից ընտրվել է 28-ը:


««Հայկական համայնապատկեր» մրցույթը, որը ներկայացնում է հայազգի ռեժիսորների ֆիլմերը, կներկայացնի 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմ»,-նշեց նա:


«Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) ծրագրի բաժնի ղեկավար Արամ Շահբազյանն էլ նկատեց, որ 2012-ին այս բաժնում ֆիլմերի բավական շատ հայտեր են ստացվել. «Եթե նախորդ տարի ստացել ենք 136 դիմում, ապա այս տարի ֆիլմերի հայտերը 560-ն է: Դրանցից ընտրվել են 36-ը, որոնք ներկայացված են 24 երկրներից, իսկ 3-ն էլ համատեղ արտադրություն են»:


Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 8-ին: Կինոփառատոնը փակումը կլինի հուլիսի 15-ին: