ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի հորեղբոր որդին ոչ սթափ վիճակում դարձել է ավտովթարի պատճառ (լուսանկարներ)

13:56 • 15.06.12

Երեկ` հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց փողոցում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղազարյանը, վարելով «Լեքսուս LX470» մակնիշի 111 ԼՕ 01 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ, 45-ամյա Գարիկ Բաբայանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 10 ՏԼ 441 համարանիշի ավտոմեքենային:


Ավտովթարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևոր 33-ամյա Սյուզաննա Սիրադեղյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Երևան բժշկական կենտրոն:
 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
 

Գ. Շամշյանը հայտնում է , որ Արմեն Ղազարյանը «Վեդի Ալկո» ընկերության տնօրեն, նախկին ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի հորեղբոր որդին է և միաժամանակ նրան պատկանող և Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Գետափ գինու գործարանի տնօրենն է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տնօրենը եղել է ոչ սթափ վիճակում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի