Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ՊԱԶ»-ը և «Միթսուբիշի»-ն բախվել են իրար. 13-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)

22:21 • 15.06.12

Այսօր՝ հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ հատվածում՝ Լուսակերտ գյուղի խաչմերուկում Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ 47-ամյա Վարդան Մելիքյանը, վարելով «ՊԱԶ 672» մակնիշի 597 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Ավագյանի վարած «Միթսուբիշի Շարիոթ» մակնիշի 22 ԼՕ 995 համարանիշի ավտոմեքենային:
 

Վթարի արդյունքում «Միթսուբիշի»-ի վարորդը և ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ 13-ամյա Մարգարիտ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:


Դեպքի վայր են ժամանել Շտապբուժօգնության ծառայության բրիգադը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի բաժանմունքի պետ Տիգրան Դավոյանը:
 

Դեպքի վայրում է եղել նաև Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ խումբը, Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանի գլխավորությամբ: 


Վթարի ենթարկված ավտոմեքենաները տեղափոխվել են Արթիկի տուգանային հրապարակ:


 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի