Երևան-Սևան ավտոմայրուղում իրար են բախվել երկու «Ֆոլկսվագեններ», վարորդներից մեկը Բաղրամյանի ոստիկանապետի ազգականն է (ֆոտո)

00:59 • 15.06.12

Երեկ՝ հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Չարենցավանի բնակիչ 28-ամյա Արտյոմ Կիրակոսյանը, վարելով «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 09 ԼՏ 678 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 38-ամյա Սևակ Գինոյանի կողմից վարած «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 29 ՕԼ 278 համարանիշի ավտոմեքենային:
 

Վթարի արդյունքում «Ֆոլկսվագեն Պասատի» ուղևոր 31-ամյա Սուսաննա Հարիկյանը տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:


Դեպքի վայրում քննչական աշխատանքներն իրականացնում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի բաժանմունքի՝ ավագ քննիչ Հրանտ Ասրյանը:



Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:


Այս պահին վթարի ենթարկված մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Ֆոլկսվագեն Պասատի» վարորդ Ս. Գինոյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Գուրգեն Գինոյանի ազգականն է: