Կին փոխտնօրենը «Ֆոլկսվագեն Պասատ»-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային
Երեկ հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.40-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գայանե Գալոյանը, վարելով «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 24 ԼԼ 084 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոսկովյան 3 հասցեի դիմաց, Պատանի հանդիսատեսի թատրոնի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա Ռուբեն Սահակյանին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան ստացել է թեթև մարմնական վնասվածք և հիվանդանոցում զննում անցնելուց հետո դուրս է գրվել: Երեխան փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Գ. Գալոյանը աշխատում է «Նորտելքո» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, իսկ երեխան սովորում է Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի 7-րդ դասարանում:
Վթարի վայրում քննչական աշխատաները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:









