Երևան-Վանաձոր ավտոճանապարհին «Տոյոտա Պրադո»-ն և «ԳԱԶ 3110»-ը հանդիպակաց բախվել են իրար, կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ–ին՝ Ջամշլու գյուղի մոտակայքում, հանդիպակաց իրար են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի 07 ՍԼ 606 համարանիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի 39 ԼԼ 641 համարանիշի ավտոմեքենան:
Վթարի արդյունքում երկու մեքենաներն էլ հայտնվել են ճանապարհամերձ դաշտում:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանած Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի Քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանը, ով ղեկավարում էր, քննչական աշխատանքները, պարզել է, որ «Պրադո»-ն վարել է Վանաձորի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Գևորգյանը, իսկ «ԳԱԶ 3110»-ը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝25-ամյա Արթուր Առաքելյանը:
Վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու երկու ուղևորները՝ 30-ամյա Քրիստինե Գևորգյանը և 36-ամյա Ֆլորա Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ երեք վիրավորների վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:
«Պրադոյի» վարորդը բուժօգնությւոն ստանալու նպատակով ինքնակամ մեկնել է Երևան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վարչական գործերով ավագ տեսուչ Սմբատ Պետրոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









