«Իռլանդական մոդելը» չի կարող լուծում լինել ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Արման Մելիքյան
լուսանկարը՝ Panarmenian Photo-ի
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն առնվազն տարօրինակություն է տեսնում օրերս Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմորի այն հայտարարության մեջ, ըստ որի՝ կցանկանար ղարաբաղյան հակամարտության կարգավորման իռլանդական փորձը կիրառել ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու նպատակով:
«Եթե չեմ սխալվում՝ պատմություն պատմեցին, թե ինչպես է Իռլանդիան անկախացել Մեծ Բրիտանիայից, բայց Հյուսիսային Իռլանդիայի մասը թողնելով Բրիտանիայի կազմում: Ըստ էության, հստակ զուգահեռ է տարվում, և գուցե փորձում են ասել, որ Հայաստանն անկախ պետություն է, և այդ առումով, որևէ արտառոց բան տեղի չի ունենա, եթե Արցախը մնա Ադրբեջանի գերիշխանության տակ»,- Tert.am –ին ասաց Արման Մելիքյանը:
Այսինքն՝ նախադեպն այն է, որ Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում է և, թեև դժվարություններին, այնտեղ միջհամայնքային հաշտեցման խնդիրը ինչ-որ կերպ լուծվում է:
ԼՂՀ նախկին արտգործնախարն այն կարծիքին չէ, որ իռլանդական մոդելը ինչ-որ «պիլոտային ծրագիր է». այն առումով, որ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ գործընթացը տեղում դոփում է, ինչ-որ նոր տարրեր են մտցվում՝ թարմության տպավորություն թողնելու համար:
Արման Մելիքյանը նոր առաջարկն համարում է նույն երգի մի քիչ այլ «մեղեդին»: «Տարիներ շարունակ ադ ծրագիրը փորձում են կյանքի կոչել տարբեր անվանումներ դնելով. Էլ «Ալանդյան մոդել», հիմա էլ՝ «Իռլանդիայի»: Բայց սա լինելիք բան չի: Դա պարզապես խնդիրը անլուծելի կթողնի, քանի որ կան իրական չափանիշներ, որոնց համաձայն մենք կարող ենք խնդիրը լուծել երկարաժամկետ խաղաղություն հաստատելով, բայց ներգրավված են այլ՝ օտար շահեր, որոնք փորձում են իրենց ուզածով խնդիրը լուծել և իրենք դառնան խնդրի տերը»:
Դիվանագետը հիշեցրեց, որ և՝ ադրբեջանցիները, և՝ թուրքերը երազում են, որպեսզի խնդիրը ներկայացվի միջհամայնքային հաշտեցման համատեքստում: «Եթե իմ այս վերլուծությունը իրավացի չէ, հուսով եմ՝ ԵԱՀԿ գործող նախագահը գուցե ինչ-որ նոր բան ասի: Կամ գուցե Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված ինչ-որ մի անհայտ ծրագիր կա, որը մինչ օրս չեն հնչեցրել և հիմա Արցախի հարցի կապակցությամբ պետք է հնչեցնեն»,- ասաց Արման Մելիքյանը:
Բանն այն է, որ Հյուսիսային Իռլանդիայում բնակվում են իռլանդացիներ, որոնց մի մասը բողոքական է, մյուս մասը՝ կաթոլիկ: Այսինքն՝ ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարի՝ այս միջհամանքային հաշտեցման փորձը որևէ կերպ կապ չի կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ, և բնականաբար, բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար:
Հիշեցնենք, որ այս հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահն արել է հինգշաբթի օրը Ադրբեջանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի տեղակալ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը և հավելել. «Իհարկե, զանազան հակամարտությունները չեն կարող միատեսակ լինել: Սակայն դրանք կարող են նաև նման կողմեր ունենալ, որոնք ես կցանկանայի գտնել և օգտագործել` ԵԱՀԿ-ում իմ նախագահության տարվա ընթացքում՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն օգնություն ցուցաբերելու համար»:
Հիշեցնենք, որ երբ ժամանակին հայաստանյան քաղաքագիտական ու դիվանագիտական շրջանակները բարձրացնում էին ԼՂՀ հակամարտությունը Կոսովոյի անկախացման մոդելով լուծելու տարբերակը, միջազգային հանրությունն առաջարկում էր մոռանալ Կոսովոն, որովհետև դա այլ նախադեպ էր և եզակի էր:
Ի պատասխան այս մասին հարցին, Արման Մելիքյանն ասաց.«Շատ ճշմարիտ օրինակ բերեցիք, ինչո՞ւ Կոսովոյի խնդիրը չփորձեցին լուծել Հյուսիսայի Իռլանդիայի օրինակով: Կա Ալբանիա և կա Կոսովո, որը կարող էր մնալ Սերբիայի կազմում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա փարիզյան հանդիպմանը, ապա Արման Մելիքյանը այս հանդիպումից ոչ մի սպասելիք չունի:









