Կրակոցներ Կոտայքի մարզում. Ոստիկանությունը 15 րոպեում վնասազերծել է լավ զինված 45-ամյա քաղաքացուն (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 15-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մազրում: Ինչպես Կոտայքի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի Բաժին ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի տարածքում կրակոցներ են հնչում: Մինչ Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ կմեկնի Արզնի, կրակոցների մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկացնում են Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Արդեն Արզնիում ոստիկանները պարզում են, որ կրակոցներից առաջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, նույն գյուղի բնակիչ 45-ամյա Ստեփան Սարգսյանը իր մոտ եղած «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել օդ:
Մինչ Կոտայքի բաժնի ոստիկանները կուղևորվեին Ս. Սարգսյանի տուն, արդեն Ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցները, բաժանմունքի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, խանութներից մեկի մեջ կարողանում են անակնկալ ձևով վնասազերծել Ս. Սարգսյանին: Այդ պահին նրա մոտ էր նաև ինքնաձիգը:
Արդեն դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է կրակված 30 պարկուճ, իսկ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 հատ լիցքավորված պահունակ 30-ական փամփուշտներով (ընդհանուր առմամբ՝ 120 փամփուշտ) և 1 հրթիռ:
Արզնիում ֆոտոլրագրողին պատմել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ս. Սարգսյանի և հարևանի միջև, ում անունը ֆոտոլրագրողը այս պահին չի հայտնում:
Գ. Շամշյանը հայտնում է, նաև, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչը և Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցների հետ խուզարկություն են կատարում Ս. Սարգսյանի սեփական տանը: Կասկածներ կան, որ հնարավոր է հայտնաբերվի զենք-զինամթերք:
Քննիչի որոշմամբ կրակող «հերոսը» ձերբակալվել է:
Հարևանները Գ. Շամշյանին պատմել են հետևյալը. «Այ բալա, էդ միլիցեքը, լավ ա շուտ էկան, թե չէ էսի մինչև կոկոն տաքացրած ինչքան մագազին ուներ, կարող ա դատարկեր: Չես կարա ասես, կարող ա մի 4 գյուլա էլ կպներ մեկն ում մեկին»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:
Հարևանները Գ. Շամշյանին ասել են նաև, որ Ս. Սարգսյանը «Սարանիս» շշերի գործարանում աշխատում է, որպես ավտոփականագործ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









