ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան բուժում ստանալ Գերմանիայում

00:25 • 16.06.12

Առաջիկայում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի բժշկական հետազոտություն անցնել և բուժում ստանալ Գերմանիայի լավագույն մասնագետների մոտ. այս մասին խոսվեց այսօր  «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Տեղեկացնենք, որ այս առիթով առաջին անգամ Հայաստան է ժամանել Գերմանիայի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի՝ «Հայդեբրեկի» սեփականատեր Կլաուս Վան Հայդեբրեկը:



Նա նշեց, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև այս ուղղությամբ համագործակցությունը դեռևս գտնվում է նախնական փուլում է, բայց ընթացքն արդեն դրական է:


«Ես 30 տարի աշխատում եմ ապահովագրական կազմակերպությունում: Աշխատում եմ բժիշկների հետ միասին, այդ պատճառով էլ մասնագիտացված եմ այս ոլորտում: Դա է պատճառը, որ առաջացավ նման գաղափար: Մենք պետք է կապ ստեղծենք Հայաստանի և Գերմանիայի հիվանդանոցների միջև»,-ասաց Կլաուս Վան Հայդեբրեկը և ընդգծեց, որ հայ հիվանդներին ու բժիշկներին Գերմանիա մուտք գործելու հնարավորություն պետք է տրվի:
Հայդբրեկը նաև տեղեկացրեց, որ վերջերս մի քանի հայ բժիշկներ հնարավորություն են ունեցել այցելել Գերմանիա և տեսնել թե ինչպե՞ս են աշխատում առաջատար գերմանական հիվանդանոցները:



«Պետք է հնարավորություն տանք գերմանացի բժիշկներին իրենց դերն ունենալ Հայաստանում բժշկության զարգացման գործում»,-ասաց նա:


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը նշեց, որ ինքը տպավորված է Գերմանիայի բժիշկների պատրաստակամությամբ և կլինիկաների պատրաստվածությամբ:


«Ես տարբեր առիթներով գերմանացի բժիշկներին ուղղեցի հետևյալ հարցադրումը՝ ենթադրենք ուղարկեցինք հիվանդներին, բուժումը ստացան, բայց նրանք միևնույն է պետք է վերադառնան և բուժման շարունակությունը պետք է կատարվի Հայաստանում, դա նշանակում է, որ պետք է լինի՝ և՛ հայ մասնագետների պատրաստվածություն, և՛ սարքավորումներ ստանալու հնարավորություն, ինչը ողջունվեց նրանց կողմից»,-փոխանցեց Արթուր Շուքուրյանը:
Վերջինս նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայի բժշկական կենտրոններում սարքավորումները 5 տարին մեկ նորացվում են:


Նշենք, որ գերմանական ապահովագրական կենտրոնի տնօրենը փոխանցեց, որ իրենց գործունեությունը տարածվում է բժշկության բոլոր ոլորտների վրա:


Ասուլիսին ներկա Հայաստանի գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն էլ հետաքրքրվեց, թե այն հիվանդը, ում անհրաժեշտ է տեղափոխել Գերմանիա, բայց նա ֆինանսապես ապահովված չէ, ի՞նչ պետք է անել, Հայդեբրեկը պատասխանեց. «Գերմանական մի ասացվածք կա՝ բուժումը կարող ես գնել, առողջությունը՝ ոչ»: