Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերները բանկերի համար են միայն աշխատում. ֆերմեր
Ջերմատնտեսային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի համոզմամբ՝ Հայաստանը ջերմոցային տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ունի, սակայն այսօր աշխատում է փոքր ծավալով:
«Այսօր 130 հա ջերմոցային տնտեսություն ունենք, կշատանան, եթե նորմալ պայմաններ ապահովեն: Այս ոլորտում ֆերմերները չեն ուզում աշխատել: 3-4 ֆերմեր կանգնեցրել են աշխատանքը՝ գազի անորակ լինելու պատճառով: Ջերմատունը տասնյակ տոննաներով ջուր է տաքացնում, վառում- վառում են չի տաքացնում»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Պողոս Գևորգյանը:
Ասոցացիայի նախագահը հիշեցնում է, որ Խորհրդային տարիներին Հայաստանում ջերմոցները լայն տարածում ունեին, ուր հիմնականում մեխակ էր աճեցվում, որն ապահովում էր ողջ միության պահանջարկը: Այսօր, նրա խոսքով՝ հիմնականում բանջարեղեն է արտադրվում, որից եկամուտը չնչին է. «Բանկերի համար են միայն աշխատում: Աշունը վարկ են վերցնում, ձմեռը գազի գին են վճարում, գարնանն էլ բանկի փողն են վճարում»,- ասաց նա:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմեր Վարուժան Խոդեդյանն ավելի լավ պատկերացում կազմելու համար նշում է, որ ինքը Դարակերտ գյուղում 2 200 քմ ջերմոցային տնտեսություն ունի և, եթե նախորդ երկու տարիներին ձմռանն օգտագործում էր 70 հազ խմ գազ, այսօր նույն տարածքի ջեռուցման համար օգտագործվում է 110 հազ խմ: «Այսինքն՝ 2,5 -3 մլն դրամ ավելի: Իսկ գազի որակից էլ արդեն կախված է ինքնարժեքի բարձր գինը»,- նշեց նա՝ շեշտելով, որ ինքնարժեքի բարձրացում ասելով չի նշանակում, որ բանջարեղենի շուկայական արժեքը նույնպես բարձրանում է:
«1997-ից սկսած ձմեռվա ամիսներին լոլիկի մեծածախ գինը չի բարձրացել 1000 դրամից, ինքնարժեքն է միայն բարձրացել: Ինչքան ուզում ես բարձրացրու, եթե մարդիկ չեն կարում առնեն…»,- նկատեց է նա:
Այս ոլորտի զարգացմանն, ըստ բանախոսների, խոչընդոտում է նաև տեղում արտադրվող բանջարեղենների ներկրումը, չնայած, ըստ նրանց, արդեն մեկ տարի է, որ փորձ է արվում ոլորտը կարգավորել և հիմնականում Թուրքիայից ներկրվող բանջարեղենը մաքսազերծվում է՝ հավասար պայմաններ ստեղծելով՝ թե՛ ներկրողների, և թե՛ արտադրողների համար: «Այս տարվանից սպառման հետ խնդիրներ չունեցանք, քանի որ նախագահի հետ հանդիպմանն ասել էինք, որ վիճակը սենց ա: Ձմռանը մեր արտադրած լոլիկը 1000 դրամ էր, ներկրվածը՝ 950»,- նշեց նա՝ պնդելով, թե Թուրքիայից բերած ապրանքն ապօրինի է:
Ջերմատնտեսային ասոցիացիայի նախագահը խոսեց նաև նոր տեխնոլոգիաների համալրման անհրաժեշտության մասին, նշելով, որ թեև ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմերը հարկային դաշտ չի մտել, սակայն նոր տեխնոլոգիաներ ներմուծելու համար պետք է հարկ վճարի:
Ըստ նրա, դրսից շատերը ցանկություն են հայտնում լուրջ ներդրուներ կատարել այս ոլորտում, սակայն գալով և տեսնելով այս ամենը՝ հրաժարվում են այդ մտքից:
Բանախոսը տեղեկացրեց, որ չինացիները մի քանի տարի առաջ ցանկություն էին հայտնել 100 մլն դոլար ներդրել Հայաստանում ջերմոցային տնտեսությունը զարգացնելու համար, սակայն քանի որ նրանցից պահանջել էին 32 մլնի հարկ մուծել, չեն համաձայնվել:









