Բրազիլիայում՝ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը միջոցառում էր կազմակերպել

11:47 • 16.06.12

Երեկ՝ հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում՝ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հայկական պատվիրակության կողմից կազմակերպված՝ «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը-հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց է վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների այս ուղղությամբ կատարած մեծածավալ աշխատանքը, որի գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր:

 

Նշենք, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

 

Քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:

 

Միջոցառումը վարել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:

 

Միաժամանակ, տեսանյութերով ներկայացվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:


Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն իր ելույթում բարձր գնահատականի է արժանացրել հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

 

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրել է համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

 

Ելույթներից հետո ծավալվել է քննարկում: Իրականացված աշխատանքը բարձր գնահատեցին նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները: