Ո՞ւմ կհասնի նախարար դարձած ՕԵԿ պատգամավոր Սամվել Թադևոսյանի մանդատը

17:53 • 16.06.12

«Օրինաց երկիր» կուսակցությունում մթնոլորտը լարված չէ, ինչպես գրում են թերթերն ու էլեկտրոնային կայքերը: Կուսակցության ներսում հակառակը ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք հրապարակումներն այն մասին, որ ՕԵԿ-ում չեն կարողանում «լեզու գտնել» միմյանց հետ:



«Ես միայն ծիծաղով եմ վերաբերվում այդ ամենին, մեզ մոտ ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, խմբակցությունը արդեն ձևավորվել է, որոշվել է թե ով է գնալու գործադիր, իսկ մնացած հարցերը դրանք տեխնիկական են և կլուծվեն»,-ասաց Հեղինե Բիշարյանը:



Հարցին, թե ՕԵԿ համամասնական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված, այնուհետև ՀՀ քաղաքաշինության նախարար նշանակված Սամվել Թադևոսյանին ով կփոխարինի խորհրդարանում, Հեղինե Բիշարյանն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:



Նշենք, որ ՕԵԿ համամասնական ցուցակում Սամվել Թադևոսյանին հաջորդում է Նելսոն Զուլոյանը, որը զբաղեցնում է համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը, իսկ ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը ցուցակում 10-րդն է:



ՕԵԿ-ին մոտ կանգնած Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ օրենսդիր գնացող պատգամավորի անունը դեռ անհայտ է: Թե Նելսոն Զուլոյանը, թե Դավիթ Կարապետյանը հնարավոր է զբաղեցնեն փոխնախարարի պաշտոն, կամ նրանցից մեկը կլինի փոխնախարար, մյուսը կգնա ԱԺ:



Համամասնական ցուցակում վերջիններիս հաջորդում են Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը և ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:



Նշենք նաև, որ կուսակցության որոշումը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: