Եթե իմ դաստիարակությունը թույլ տար՝ այդ կանանց հետ կանեի այն, ինչ հաստատ կաներ Ժիրինովսկին. Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ինքը ենթարկվում է հետապնդումների և գրեթե նույն վիճակում է, ինչ վիճակում այսօր հայտնվել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին Tert.am-ին ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ այս պահին իր դեմ երեք շինծու գործ է հարուցված:
«Երկուսը քաղաքացիական են, մյուսը՝ քրեական. իբր թե, ես ինչ-որ գործընթացների ժամանակ մեկի ձեռքն եմ ջարդել, մեկին վայր եմ գցել»,- ասաց ՀՔՄ նախագահը:
Ըստ նրա՝ Ոստիկանության Կենտրոնի բաժանում իր դեմ նյութեր են նախապատրաստվում «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի բողոքի հիման վրա, ում քաղաքագետ Հովհաննիսյանը մեղադրում էր Մոսկովյան 33 հասցեի շենքում գտնվող Քաղաքագետների միության տարածքն իրենից խլելու նկրտումների մեջ:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, նշված տարածքի հետ կապված միջադեպ էր գրանցվել և Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Սենիկ Ջուլհակյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել իր մուտքը՝ իր օրինական սեփականությունը հանդիսացող ՀՔՄ գրասենյակ: Ինչից հետո, նույն գրասենյակում տեղակայված հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի աշխատակիցների և Սենիկ Ջուլհակյանի կողմնակիցների միջև տեղի էր ունեցել ընդհարում:
«Ես փորձել եմ պահանջել, իմ խոսքը եղել է կոշտ պահանջ, որպեսզի հնարավորություն տան մտնել իմ աշխատասենյակ: Հետո իմ աշխատակիցը, շատ էսպես…մե՜ղմ ձևով հրել է Սենիկ Ջուլհակյանին, որպեսզի նա մի կողմ քաշվի և կարողանա դուռը բացել: Դուռը բացելիս, պարզապես, նրան մի կողմ է քաշել. ես իրեն չեմ կպել»,- կատարվածն այսպես ներկայացրեց Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս նաև հավելեց, որ իրենց դուռը ապակուց է, և եթե Սենիկ Ջուլհակյանին այնպես հրեին, որ ձեռքը կոտրվեր, ապա ապակին՝ հաստատ կկոտրվեր. «Ոնց՞ է կոտրվել, եթե դրանից հետո գնացել ու «Հենարան» ակումբում մամուլի ասուլիս է տվել: Կոտրած ձեռքո՞վ: Այ իմ աշխատակցի ձեռքը քերծվել էր»,- նկատեց Հմայակ Հոովյաննիսյանը:
Հովհաննիսյանի դեմ հարուցված երկու գործերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածի համաձայն, այն է՝ զրպարտություն, կրկին առնչվում են այս միջադեպին:
Առաջին գործով հայցվոր կողմը՝ մի խումբ կանայք, Հմայակ Հովհաննիսյանից 2 միլիոն դրամ են պահանջում, իրենց՝ Սամվել Ալեքսանյանին սատարող կանանց հետ համեմատելու՝ վիրավորելու համար:
«Էդ կանայք, ես իրենց ասացի՝ իրավունք չունեք խոչընդոտելու, իմ՝ որպես պատգամավորի թեկնածուի քարոզարշավին մասնակցելը, և դուք նմանվում եք մեկին, կոնկրետ՝ Լֆիկ Սամոյի բրիգադին: Եվ այդ պատճառաբանությամբ դատարան են դիմել, որ ես իրենց վիրավորել եմ՝ համեմատելով Լֆիկ Սամոյի կանանց հետ»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը և հավելեց.«Երբ պատգամավորության թեկնածուի մուտքն արգելափակում են, ապա եթե իմ տեղը լիներ Ժիրինովսկին՝ հաստատ կաներ այն, ինչ ինձ վերագրվում է, բայց ես նման բան չեմ արել»:
ՀՔՄ նախագահի դեմ մյուս հայցն անձամբ ներկայացրել է Սենիկ Ջուլհակյանը, ով զրպարտություն է համարում մամուլի ասուլիսի ժամանակ Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած այն միտքը, թե Ջուլհակյանը մեքենայություններ է թույլ տվել: Հովհաննիսյանի խոսքով, իր դեմ ներկայացված բողոքը նախատեսում է տուգանք՝ մինչև 2 միլիոն դրամի չափով:
Հմայակ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն ասուլիսում ընդամենն ընթերցել է Չեխիայում Սենիկ Ջուլհակյանի գործունեության մասին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավարի ուղարկած պաշտոնական բնութագրականը:









