Սերժ Սարգսյանը նշանակեց նախարարներին. Արմեն Գևորգյանը կմնա փոխվարչապետ (կառավարության ամբողջական ցանկը)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին:
Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ:
Այսպիսով կառավարության կազմն ունենում է հետևյալ տեսքը.
ՀՀ Վարչապետ՝ Տիգրան Սարգսյան
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ՝ Արմեն Գևորգյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար՝ Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար (ՕԵԿ)` Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար՝ Արամ Հարությունյան
Գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Քաղաքաշինության նախարար՝ Սամվել Թադևոսյան
Ֆինանսների նախարար՝ Վաչե Գաբրիելյան:
Նշենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստերի ժամանակ, որոշում էր կայացվել ՀՀԿ-ական նախարարների թեկնածուների վերաբերյալ:
Նիստից անմիջապես հետո լրագրողների հարցերին պատասխանելով, ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական բոլոր գործող նախարարները կշարունակեն իրենց պաշտոնավարումը, այնուհետև ներկայացրել նոր նախարարների թեկնածուների անուններն ըստ նախարարությունների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 2–ին կայացած «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ վարչապետ նշանակելով Տիգրան Սարգսյանին։
Դրանից հետո՝ հունիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ նշանակեց կառավարության անդամներից երեքին՝ իրենց պաշտոններում թողնելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Նոր կառավարության ամենաինտրիգային նշանակումները փաստորեն դարձան Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանի նշանակումները: Առաջին ինտրիգային էր այնքանով, որ վերջինիս աղմկոտ պաշտոնանկությունից հետո քիչ հավանական էր համարվում նրան բարձր պաշտոնի նշանակումը:
Հրաչյա Ռոստոմյանի նշանակման ինտրիգն էլ կայանում է նրանում, որ մինչ այդ մամուլում ակտիվորեն շրջանառվում էր գործող փոխնախարարներ Խաչիկ Ասրյանի, ինչպես նաև Արսեն Քարամյանի անունները, որոնք, ի դեպ, ծնունդով Սյունիքից են: Մինչդեռ նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, ով, ի դեպ, եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և այդ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի՝ Tert.am-ին տված պարզաբանման համաձայն՝ «որոշ ժամանակ առաջ» դուրս է եկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 18-ին, կկայանա ՀՀ նոր կառավարության անդրանիկ նիստը, որը նաև արտահերթ է լինելու: Այս մասին Tert.am-ին հայտնի էր դարձել կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության` կներկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ նիստի հաստատմանը:









