Վրաստանի վերաքննիչ դատարանը կրճատել է Իվանիշվիլիի տուգանքի չափը

13:09 • 16.06.12

Վրաստանի վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հայցը, որով նա բողոքարկում է օրերս իր նկատմամբ սահմանված վճիռը, հայտնում է apsny.ge-ն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի դատարանը Վերահսկիչ պալատի ֆինանսական մոնիթորինգի ծառայության ներկայացրած վարչական իրավախախտումների մասին արձանագրության հիման վրա տուգանել է ընդդիմադիր միլիարդատիրոջը «պատկանող» ընկերություններին 148 մլն 650 հազ 131 լարիով (մոտ 91 մլն դոլար)` նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ տրված խախտումների համար: 2 մլն 300 հազ լարի էլ տուգանք է սահմանվել «Վրացական երազանք»-ի հետ համագործակցող «Մենեջմենթսերվիս» ընկերության նկատմամբ:

 

Ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության` Իվանիշվիլիի ընկերության կողմից մարզերում 107 հազ հեռուստատեսային ալեհավաքներ են տեղադրվել: Միայն այս ընկերության կողմից թույլ տրված խախտման համար նա տուգանվել էր 126 մլն 200 հազ 190 լարիով: Վերաքննիչ դատարանը տուգանքի չափը կրճատել է` դարձնելով 63 մլն 110 հազ 095 լարի` մասամբ բավարարելով Իվանիշվիլիի հայցը:
 

Ինչ վերաբերում է մեկ այլ ընկերության կողմից ընդդիմադիր գործիչներին արտոնյալ պայմաններով 239 ավտոմեքենա տրամադրելուն, որի համար նա տուգանվել է 22 մլն 429 հազ 941 լարիով, ապա դատարանը նույնպես այն կրճատել է` դարձնելով 11 մլն 214 հազ 970:

 

Իվանիշվիլին հայտարարում է, որ այդ ընկերությունները կապ չունեն իր հետ: