ԼՂՀ նախագահական ընտրություններին միջազգային դիտորդների մեծ հոսք է լինելու. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ

11:58 • 16.06.12

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին հետևող տեղական և միջազգային դիտորդները դեռևս չեն շտապում հավատարմագրվել ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:


Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, այս պահին միջազգային դիտորդական կազմակերպություններ ընդհանրապես չեն գրանցվել, իսկ տեղականները թվով 6-ն են: ԼՂՀ ԿԸՀ նախագահը նշեց, որ միջազգային դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը ընտրություններից մեկ օր առաջ է, իսկ տեղական դիտորդներինը՝ 10 օր առաջ:

 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում սովորական համարեց նախընտրական շրջանում նման պասիվությունը՝ նշելով, որ միջազգային դիտորդների հոսքը սովորաբար լինում է ընտրությունների ավարտական փուլում և հատկապես բուն քվեարկության օրը: «Այդ օրերին միջազգային դիտորդների թիվը բավականին մեծ է լինում և նրանց պետք է սպասել երևի հուլիսի 15-ից հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք նույնպես շահագրգռված են մեծ թվով դիտորդների մասնակցության մեջ:
 

Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Ադրբեջանի՝ միջազգային դիտորդներին «սև ցուցակում» ընդգրկելու հայտարարությունները կկանխեն նրանց մասնակցությունը: Դեռ ավելին, ըստ նրա, հատկապես վերջին շրջանում սահմանին Ադրբեջանի կողմից նախաձեռնված գործողություններն ավելի շատ դիտորդների կստիպեն գալ ԼՂՀ:
 

«Ընդհակառակը, կարծում եմ, որ ավելի շատ են լինելու: Իմ համոզմամբ այս արգելքները, «սև ցուցակի» մեջ մտցնելը տալիս է դիտորդների, տարբեր տիպի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների համար լրիվ հակառակ ազդեցությունը: Հետևաբար դա որևէ ձևով չի ազդելու դիտորդների հոսքի վրա»,-ասաց նա: