Զավթում են քանդակագործ Չուբարյանի սեփականությունը. «Մեր քաղաքը» նախաձեռնություն
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները տարածել են հայտարարություն, որում իրենց վրդովմունքն են արտահայտում որոշ բիզնեսմենների կողմից իրականացվող քայլերի հանդեպ, ովքեր անտեսում են հայ արվեստի և մշակույթի կոթողները՝ հանուն սեփական շահույթի:
Հայտարարության մեջ ասված է.
«Քաղաքի կենտրոնում հավելյալ քառակուսի մետրեր շահելու մոլուցքը դրդում է որոշ բիզնեսմենների ոտնահարել հայ արվեստի և մշակույթի կոթողներն ու դրանց հեղինակների հիշատակը՝ հանուն սեփական շահույթի:
Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը և այն ներկայացնող մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, օրերս կրկին անհանգստացրել են Նալբանդյան 104 անհատական բնակելի տան բնակիչներին՝ փորձելով առանց համաձայնության ներխուժել Գոտիավորման նախագծով որպես մշակութալուսավորչական նշանակության գոտի սահմանված տարածք և զավթել դրա մի մասը:
Հիշեցնենք, որ գործարարը հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով դուրս էր վռնդել Նալբանդյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներին իրեն օտարված Նալբանդյան 106/1 տարածքից և իրականացրեց ծառահատումներ:
Այս պահին կառուցապատող ընկերության շինարարները ներխուժել են մշակութալուսավորչական գոտի և զավթում են Նալբանդյան 104 սեփական տան ընդհանուր օգտագործման տարածքը, որը Գոտիավորման նախագծով դեռևս 2007 թվականից ի վեր հաստատվել է որպես մակութային քառակուսի:
Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար, իր պնդմամբ, արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել էր հանրային ցուցահանդես՝ «Չուբար քանդակների այգի» խորագրով.
Նշենք, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի հստակ պահանջն է, որ պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումն իրականացվեն գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
Նշված օրենքի 14/1 հոդվածում հստակ շարադրված է, որ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:









