ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Փարիզ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման նպատակով

13:45 • 16.06.12

Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


Այդ նպատակով ՀՀ ԱԳ գերատեսչության ղեկավարն այսօր կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. հանդիպման օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան հանդիպման ժամանակ կառաջարկվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ: Իսկ Երևանում գտնված ժամանակ վերջինս հետևյալ հայտարարություն էր հնչեցրել, որ պետք է պահպանվեն հիմնախնդրի լուծման երեք սկզբունքները, այն է՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման սկզբունքը: