Իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը
Շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:
Այս մասին, ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ասել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը՝ հունիսի 14-ին Իտալիայում կազմակերպված իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Դեսպան Կարապետյանը կարևորելով գրքի հրատարակումը, ասել է, որ այն նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար:
Վերջինս իր ելույթում նաև ընդգծել է, որ այս միջոցառումն առավել կարևորություն է ձեռք բերում, հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու և դրան որպես սեփական ներկայացնելու քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ:
Վերջինս համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:
Շնորհանդեսին ելույթ են ունեցել նաև իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան, Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները:
Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում, մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ սույն միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության և Իտալական աշխարհագրական ընկերության նախաձեռնությամբ:










