Կենտրոնական բաժնի օպերլիազորները, փրկելով ծեծվող քաղաքացուն, իրենք են հայտնվել վերակենդանացման բաժնում (լուսանկարներ)

23:26 • 16.06.12

Այսօր` հունիսի 16-ին` ժամը 21:20-ի սահմաններում Երևանի Պռոշյան փողոցում գտնվող թիվ 3 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել 2 երիտասարդ: Ինչպես հիվանդանոցից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ` 22-ամյա Հայկ Դանիելյանն ու 31-ամյա Արթուր Մխիթարյանն են:

 

Հիվանդանոցում բժիշկները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Արթուրը սուր կտրող ծակող գործիքի հարվածից ստացել է 3 վնասվածք, իսկ Հայկը` 1:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ այս պահին Հայկը տեղափոխվեց հիվանդասենյակ, իսկ Արթուրը գտնվում է վերակենդացման բաժանմունքում, որտեղ բժիշկները վիրահատում են վնասված հատվածը:

 

Ըստ Շամշյանի` այսօր երեկոյան Ոստիկանոության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ծառայություն կատարելիս են եղել Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում: Այդ ժամանակ լսել են հայհոյանքներ և նկատել, որ նշված խաչմերուկում 2 երիտասարդ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին պատմել են. «3 երիտասարդ վիճում էին և հայհոյում իրար, մեկ էլ էն տեսնենք, որ 3-4 ջահելներ շտապ մոտեցան կռիվ անողներին, գոռալով թե իրենք քրեական հետախուզության աշխատողներ են: Կռիվ անողները դիմեցին փախուստի տարբեր ուղղություններով: Նրանց սկսեցին հետապնդել քրեականի աշխատող ներկայացած երիտասարդները»:

Այնուամենայնիվ, քրեական հետախուզության աշխատակիցներին հաջողվում է բռնել նրանցից մեկին` 21-ամյա Արամ Առաքելյանին և, մինչ կփորձեին նրան տեղափոխել Ոստիկանություն, նրա ընկերը` 22-ամյա Վլադիմիր Խոդիկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցնում ոստիկանության աշխատակիցներին և դիմում փախուստի, սակայն մյուս ոստիկաններին հաջողվում է բռնել նաև նրան:

 

Այս պահին Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Վ. Խոդիկյանն ու Ա. Առաքելյանը, ովքեր Արտաշատ քաղաքի բնակիչներ են, ինչպես նաև այն քաղաքացին, ում ծեծի էին ենթարկում: Այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ` 23-ամյա Տիգրան Փիլոյանն է:

 

Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը և Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնական քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

 

Ըստ Շամշյանի` նրանց մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց, ինչպես նաև հանցագործության գործիք 2 դանակները, որոնք գաղտնի փականով են:

 

Բժիշկները հայտնել են, որ դեռ 10 օրից ավել վիրավորները պետք է մնան իրենց հսկողության տակ:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի