Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է այլևս երբեք նախագահ չընտրվել և քաղաքականությամբ չզբաղվել
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ տարի պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: Նա նման հայտարարություն է արել գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» պարբերականին տված հարցաղրույցում, որը վկայակոչում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ութ տարին` բավարար ժամկետ է: Իմ ծրագրերի համաձայն պլանավորում եմ վերադառնալ գիտական գործունեության», - ասել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադը նշել է, որ հնարավոր է քաղաքական գործունեություն իրականացնի համալսարանում (Թեհրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում, որտեղ նա 1997թ. դոկտորական ատենախոսություն է պաշտպանել. Թ. խմբ.), սակայն որևէ կուսակցություն հիմնել չի պատրաստվում:
Հիշեցնենք, որ Իրանի սահմանադրության համաձայն նախագահը ընտրվում է 4 տարի ժամկետով և երրորդ անգամ անընդմեջ վերընտրվելու իրավունք չունի:
Գերմանական պարբերականին տված հարցազրույցում 55-ամյա Ահմաֆինեժադը, ով նախագահ է 2005թ., բացառել է հետագայում իր վերադարձը այդ պաշտոնին:









