Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Եղիսաբեթ 2-րդին (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 15-ին Երեկոյան Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան սրահում կայացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության միապետ Եղիսաբեթ 2-րդի ծննդյան տոնակատարությունը:
Միջոցառմանը հրավիրված էին քաղաքական գործիչներ (նաև ընդդիմադիր), օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մտավորականներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Կար նաև հատուկ հյուր՝ ի դեմս Նորայր Մարգարյանի: Վերջինս միակ հայն է, որ 60 տարի առաջ խորհրդային հածանավից ողջունել է երիտասարդ թագուհուն՝ հենց թագադրման արարողության ժամանակ:
Այդ իրադարձությունը պատկերող բացառիկ կադրեր ցուցադրվեցին միջոցառմանը: Ինչպես նաև՝ նկարչուհի Տաթև Մնացականյանը առանձին հարյուրավոր քարերից հավաքեց թագուհու լեգենդար թագը: Նրան այդ հարցում օգնեցին ներկաները՝ սրահի մուտքի մոտից քարերը փոխանցելով արվեստագետին: Իսկ միջոցառման ավարտին հյուրերը իրենց հետ որպես հուշանվեր վերցրեցին նույն «թագի» քարերը:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը իր խոսքում նշեց, որ ուրախ է, քանի որ նշվում է ոչ միայն թագուհու ծննդյան տոնը, այլև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների հաստատման 2-րդ տասնամյակը: Դեսպան Էյվզը նաև ընթերցեց Բրիտանական խորհրդի կազմակերպած մրցույթում հաղթած կենացը՝ ուղղված թագուհուն, որով նրան իր փառահեղ անվանակցուհի Եղիսաբեթ 1-ինի պես երկար կյանք և Վիկտորյա թագուհու պես տևական կառավարում էր մաղթվում: Այս կենացի ընթերցումից հետո դեսպան Էյվզը և արտգործնախարար Նալբանդյանը ավանդական շնորհավորանքի գինու բաժակը բարձրացրին:
Միջոցառումն ուղեկցվում էր նաև նվագախմբի կատարումներով, որը, ի թիվս այլնի, ներկայացրեց ՀՀ հիմնը՝ ջազային մշակմամբ:









