Ռուսաստանը զորք է ուղարկել Սիրիա. NBC

12:32 • 16.06.12

Ռուսաստանը սիրիական Տարտուս նավահանգիստ զինծառայողներ է ուղարկել, որոնք պետք է հսկեն ռուսական ռազմաբազան: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը (անունը չի նշվում):


Իր հերթին, Մոսկովյան ռազմադիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ «կազմ ու պատրաստ» Սիրիա ուղևորվելուն է սպասում Սևծովյան նավատորմի դեսանտային նավերից մեկը:

«Սևծովյան նավատորմի ծովագնացների առջև խնդիր է դրված անհրաժեշտության դեպքում ապահովել Տարտուսում տեղակայված Ռուսաստանի Ռազմածովային ուժերի նյութատեխնիկական կետի անվտանգությունը»,- ասել է աղբյուրը:


Ինչպես հայտնել էր vz.ru-ն, մայիսի 26-ին Տարտուս էր հասել «Պրոֆեսոր Կացման» ռուսական բեռնանավը: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքն էլ հայտնել էր, որ ռուսական նավը սիրիական նավահանգիստ զենք է տեղափոխել:

 

Դեռ ապրիլին ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել էր, որ ռուս զինվորականները մշտապես հերթապահություն կիրականացնեն Միջերկրական ծովում, Սիրիայի ափերի մոտակայքում:


Ռուսաստանը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններին, մինչդեռ մի շարք եվրոպական երկրներ ու ԱՄՆ-ն հայտարարել են դրանց հնարավորության մասին: