Նորմալ է շարքային պատգամավոր լինելը. Սամվել Նիկոյան
«Նորմալ է լինել շարքային պատգամավոր. 131-ից մեկը լինելը ևս պատվաբեր է: Ամեն ինչին պետք է շատ հանգիստ նայել, ինչը ես անում եմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով հարցին, թե դժվար չէ՞ Աժ նախագահ լինելուց հետո շարքային պատգամավորի կարգավիճակում հայտնվելը:
Ի դեպ, մեր հարցը լսելով՝ Սամվել Նիկոյանը նախ երկար ծիծաղեց:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա, ինչը ԱԺ նախկին նախագահը դեռ օրեր առաջ չէր բացառել՝ ասելով. «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում...»:
Նախորդ օրերին էլ Սամվել Նիկոյանի անունը շրջանառվում էր նախ իբրև բնապահպանության նախարարի, ապա՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կամ քաղաքաշինության նախարարի հնարավոր թեկնածուի:
Ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, երեկ, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահը գործադիրում պաշտոն չի ստանալու՝ բոլորի առաջին արձագանքը եղել էր՝ «քցեցին»:
Ի պատասխան այս արձագանքին, Սամվել Նիկոյանն ասաց, թե նոր է արթնացել ու չի հասցրել «մամուլ նայել», բայց նաև հավելեց. «դե, մամուլ է, ամեն ինչ էլ կգրի»:









