Սաակաշվիլին խոստացել է Բաթումիում երկնաքերեր կանգնեցնել
Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում հաջորդ տարվանից կսկսվի երկնաքերերի շինարարությունը, իսկ Լազիկայում կներդրվի բրիտանական իրավունքը: Այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` Ազգային բանկի Դրամարկղային կենտրոնի բացմանը: Սաակաշվիլիի խոսքով` Վրաստանը տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը դառնալու մեծ պոտենցիալ ունի:
«Հաջորդ տարի Բաթումիում կսկսվի ֆինանսական մեծ կենտրոնի շինարարությունը, կկառուցվեն երկնաքերեր: Լազիկայում առևտրային գործարքների համար կգործի բրիտանական իրավունքը: Մենք գնում ենք մեծ ռիսկի` առևտրային գործարքներում առավելագույն պաշտպանվածություն ստանալու համար»,- ասել է նախագահը:
Ըստ նրա` Վրատանը դեռ Սինգապուր ու Հոնգկոնգ չէ, դեռ ունի աղքատություն, սակայն «ունի նաև զարգացման ամուր հիմքեր», ինչի մասին է վկայում անցած տարվա 7%-ոց տնտեսական աճը:
Նա նշել է, որ միայն Աջարիայում նախատեսվում է 50 արդյունաբերական ձեռնարկության կառուցում:
«Զբոսաշրջության տեսանկյունից այս տարի կունենանք մինչև 4 մլն այցելություն, իսկ հաջորդ տարի` մինչև 5 մլն , և այդպես շարունակ»,- ասել է նախագահը` հավելելով, որ կառավարությունը թույլ չի տա, որ խորհրդարանական ընտրությունները կամ այլ գործընթացներ խոչընդոտեն տնտեսական զարգացմանը:









