Ուկրաինայում Բրիտանիայի դեսպանն ուկրաինական քաղաքական գործիչների ու գործարարների սպանությունների մասին թրիլլեր է գրել
Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լի Թերներն ուկրաինացի գործարարների ու քաղաքական գործիչների սպանությունների մասին թրիլլեր է գրել:
«Այն թրիլլեր է, որի գործողությունները ծավալվում են Մոսկվայում, Կիևում և Սևաստոպոլում: Ուկրաինայում բրիտանացի մի դիվանագետ հետաքննում է քաղաքական առաջնորդների ու գործարարների սպանություններն ու պարզում, որ դրանց ետևում կանգնած է շատ ավելի սարսափազդու մի դավադրություն, քան ինքը կարող էր պատկերացնել: Հուսով եմ, որ իմ ստեղծագործությունը դուր կգա ինչպես թրիլլերների սիրահարներին, այնպես էլ Ուկրաինայով հետաքրքրվողներին», - Факты и комментарии թերթին ասել է Թերները:
Նա շեշտել է, որ արդեն 5 վեպ է գրել, որոնցից ոչ մեկը դեռևս լույս չի տեսել և չնայած դրան, վեպերից մեկն էկրանավորելու ցանկություն կա:
«Արդեն լավ գումար եմ վաստակել, և հիմա հպարտորեն կարող եմ պնդել, որ ես պրոֆեսիոնալ գրող եմ», - ասել է Թերները:










