Ես համոզված չեմ կմնամ իմ պաշտոնին, թե կհեռանամ. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը, ասաց, թե դեռ համոզված չէ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե կհեռանա պաշտոնից:
«Ես համոզված չեմ կարող լինել, կմնամ արդյոք, թե՛ կհեռանամ, դա արդեն ես չեմ որոշողը»,-ասաց նա:
Նշենք, որ «Ա1+»-ին տված հարցազրույցում Վրեժ Գասպարյանն ասել էր, որ իրեն չեն կարող տեղափոխել այլ աշխատանքի: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ինքը նկատի է ունեցել, որ իր կամքին հակառակ չեն կարող տեղափոխել այլ աշխատանքի:
Նույն հարցազրույցի ժամանակ Վրեժ Գասպարյանն ասել էր, որ ինքը պաշտոնի բարձրացում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն պետք է նկատել, որ Վրեժ Գասպարյանը հենց Հովիկ Աբրահամյանի ժամանակ պաշտոնի իջեցում է ունեցել, երբ պետական ծառայության պաշտոնից դարձել է այն ժամանակ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի խորհրդական, ինչն հայեցողական պաշտոն է:
Հարցին, թե վերջինս ո՞ր ոլորտում է տեսնում իր հետագա աշխատանքը, Վրեժ Գասպարյանն ասաց, որ ինքը փաստաբան է, և փաստաբանական ոլորտում է պատկերացնում իր հետագա աշխատանքը. «Ես արտոնագրված փաստաբան եմ, և կկարողանամ իմ մասնագիտությամբ աշխատել»,- նշեց Վրեժ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նախագահ դարձած Սամվել Նիկոյանն աշխատանքից ազատեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի մի շարք թիմակիցների:
Այս առիթով Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայեցողական պաշտոն զբաղեցնող մարդիկ հեռացել են աշխատանքից, և ինքը կաշխատի իր թիմի հետ:
Հովիկ Աբրահամյանը, վերադառնալուց մի քանի օր անց, իր թիմակիցներին կրկին վերականգնեց իրենց նախկին պաշտոններին, սակայն դեռ աշխատանքից չի ազատել Նիկոյանի թիմակիցներին:
Նշենք նաև, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի շուրջ մամուլում շրջանառվում են մի շարք անուններ՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյան, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյան:









