ՀԲ-ն Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր տնօրեն է նշանակել
Համաշխարհային բանկի (ՀԲ)` Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր տնօրեն է նշանակվել Հենրի Քերալին, ով կփոխարինի այս պաշտոնում Ասադ Ալամին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Քերալին Թբիլիսիում լրագրողներին հայտնել է, որ կշարունակի այն քաղաքականությունը, որը հետևողականորեն վարում է ՀԲ-ը տարածաշրջանում:
«Մենք կաշխատենք Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի բանկային համակարգերի զարգացման ուղղությամբ: Համաշխարհային բանկը տարածաշրջանի երկրների համար ռազմավարական ծրագիր ունի, այն կշարունակվի նաև հետագայում: Մենք կապեր կհաստատենք քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների ու տարածաշրջանում ռազմավարական գործընկերների հետ»,- ասել է տարածաշրջանային նոր տնօրենը:
Քերալին պաշտոնապես աշխատանքի կանցնի հուլիսի 1-ից: Նա Ուգանդայի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և ունի Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Արևելյան ու Հարավային Ասիայում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում տարածաշրջանային կառավարման փորձ:









