Գայլերը Բավրայում 7 ոչխար են հոշոտել

12:13 • 17.06.12

Շիրակի մարզի Բավրա գյուղի վրա գիշերը` ժամը 04.00-ի սահմաններում գայլեր են հարձակվել և հոշոտել գյուղի բնակիչ Իշխան Մուրադյանին պատկանող 7 մանր եղջերավոր անասուն (ոչխար): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից:

 

Բավրա գյուղի գյուղապետ Մկրտիչ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի առաջին անգամն է, որ գյուղի վրա գայլեր են հարձակվում:

 

«Նման դեպքեր միշտ էլ լինում են: Օրինակ՝ անցած տարի մի քանի անգամ են հարձակվել: 10 տարի առաջ էլ էին հարձակվում: Ուղղակի գիշերվա կեսին է եղել որսորդերը չեն նկատել»,- ասաց Բավրայի գյուղապետը:

 

Մկրտիչ Պետրոսյանը նաև նշեց, որ իրենք պարբերաբար բոլոր գյուղացիներին զգուշացնում են, որ իրենց անասուններին անասնագոմում պահեն, նման հարձակումներից խուսափելու համար:

 

Tert.am-ի հետ զրույցի ժամանակ գյուղապետը գտնվում էր գայլերի հարձակումից տուժած Իշխան Մուրադյանի տանը և ասաց, որ գյուղապետարանը հնարավորությունների սահմաններում կօգնի տուժածին: