«Շիրակ կենտրոն» հկ-ի սխալ իրազեկման պատճառով Գյումրիում իրարանցում էր սկսվել
Այս պահին Գյումրիում կայանում է «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 528 հատ 2 սենյականոց բնակարանների բաշխման հերթական վիճակահանությունը: Tert.am-ը Գյումրիի բնակիչներից մեկից տեղեկություն ստացավ, որ վիճակահանությանը մասնակցելու է եկել ավելի քան 2500 մարդ, ինչը իրարանցում և շփոթ է ստեղծել Գյումրիում:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարակային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրարանցման պատճառը սխալ իրազեկումն է եղել:
«Բնակարանների քանակը 528-ն է, իսկ հերթացուցակում հաշվառված են 1344-ը: Ուրբաթ օրը Քաղաքաշինության նախարարությունը իրազեկումը հանձնարարել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ-ին: Այդ օրը հեռուստաալիքներից մեկով հայտարարություն եղավ, որ տեղի է ունենալու 2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը և չնշվեց, թե մինչև որ համարը: Բնական է, որ եկել են բոլոր հաշվառվածները իրենց ընտանիքի անդամների հետ»,- ասաց Տիգրան Հարությունյանը:
Նա նշեց, որ իրարանցման պատասխանատվությունն ընկնում է Քաղաքաշինության նախարարության վրա, քանի որ մարզպետարանին տրամադրված չի եղել այսօր բնակարանային վիճակահանությանը մասնակիցելու իրավունք ունեցողների ցուցակը:
Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանն էլ Tert.am-ին վստահեցրեց, որ իրավիճակը հարթված է և այս պահին վիճակահանությունը անցկացվում է ոչ թե Գյումրիի Անի թաղամասի թիվ 11 դպրոցի դահլիճում, այլ «Արագած» մարզամշակութային դահլիճում:
«Վիճակահանության անցկացման տեղը փոխվեց, որ ավելի շատ մարդ ներկա լինելու հնարավորություն ունենա: Շատ ընտանիքներ ոգևորվել են բնակարան ստանալու մտքից և վիճակահանության են եղել ամբողջ ընտանիքներով ու բարեկամներով»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլոր նրանք` ովքեր այսօր բացակա են բնակարանների բաշխման վիճակահանությանը, կմասնակցեն հաջորդ փուլում:
Տեղեկացնենք, որ Գյումրիում 2012 թ.-ին շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:









