Հայկական դրոշի «սարյանական թեզի» առեղծվածը կամ ի՞նչ կապ կա հայոց եռագույնի և ծիածանի գույների միջև (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 15-ին Հայաստանը տոնում էր ՀՀ պետական խորհրդանշանների օրը: Գաղտնիք չէ, որ ներկայիս պետական խորհրդանշանները Առաջին Հանրապետությունից են ժառանգված: Սակայն գրեթե անհայտ է պետական դրոշի Մարտիրոս Սարյանի առաջարկած տարբերակը, որը այսօր լուրջ հակասությունների տեղիք կտար: Մանավանդ՝ պետական խորհրդանիշ դրոշի գույների իմաստային կողմի բացատրությունը, անշուշտ, խնդիրներ կհարուցեր, եթե եռագույնը լիներ սարյանական տարբերակով՝ բազմագույն-ծիածանագույն:
Բանն այն է, որ վարպետն առաջարկել էր, որ ՀՀ ազգային դրոշը լինի ծիածանի բոլոր գույներով, որը, ինչպես հայտնի է, այսօր ընկալվում է, որպես «միասեռականների դրոշ»:
Սարյանի էսքիզը նույնությամբ «կրկնում է» այսօր հայտնի սեռական փոքրամասնությունների դրոշը, սակայն այն ժամանակ Սարյանը լրիվ ուրիշ նկատառումներով ու հիմնավորումներով է այդ առաջարկն արել և ակամա է «իր ժամանակից առաջ անցել»: Սեռական փոքրամասնությունների խորհրդանիշը՝ իր ծիածանագույնային վիճակով, հանրահռչակվեց անցած դարի 70-ականներին:
Հայտնի է, որ Առաջին Հանրապետության պատգամավորները դեմ են եղել եռագույնի մեջ նարնջագույն ներառելուն՝ առաջին հերթին այն պատճառով, որ այդ գույնի կերպաս գտնելը դժվար գործ է եղել Հայաստանում: Պետք է կարծել, որ նույն պատճառով էլ մերժվել է Սարյանի առաջարկը: Եղել են նաև այլ հակասություններ. օրինակ, շատ պատգամավորներ առաջարկել են կանաչ գույնը նարնջագույնի փոխարեն, սակայն վարչապետ Քաջազնունին «պաշտպանել է» նարնջագույնի տարբերակը:
Ամեն դեպքում 1918-ի օգոստոսից ծածանվող հայկական եռագույնը, ի դեպ՝ ոչ նարնջագույնով, այլ դեղինով, ժամանակավոր է եղել, դա հաջորդ տարի դեռ պետք է հաստատեր Սահմանադիր ժողովը: Սարյանն իր առաջարկը արել է վարչապետ Խատիսյանին 1919-ի հուլիսին:
Հետաքրքրական է, որ նկարչի թոռնուհին ժամանակին այդ նամակը հրապարակել է՝ առանց դրան կից ջրաներկ էսքիզների:
Սարյանը առաջարկել էր 2 ծիածանի գույներով և մեկ եռագույն տարբերակ, որում գույների հերթագայությունը, սակայն, այսպիսին էր՝ կարմիր, դեղին, կապույտ:
Այս առիթով իր նամակում Սարյանն ասում է, որ մեր ազգային դրոշը, ինչպես իրեն փոխանցել է Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը «խորհրդանշում է ծիածանը» և հայտնում, որ ամեն դեպքում՝ անգամ եռագույն տարբերակով մեր դրոշը խորհրդանշում է ծիածանը, քանի որ ծիածանի հիմնական գույները կարմիրը, դեղինն ու կապույտն են, իսկ մնացածը լրացուցիչ են: Թերևս այս պատճառով է, որ Սարյանի եռագույնում գույների հերթականությունը ծիածանային կարմիր-դեղին-կապույտ է, իսկ վերջնական տարբերակում այդ հերթականությունը խախտված է:
«Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություններ, - գրում է Սարյանը:
«Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն:
Գույների նման հերթականությունը թողնում են ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը:
Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան:
Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը»:
Հետաքրքիր է նաև դրոշի վերաբերյալ «սարյանական թեզի» դիտարկումն անել ծիածանի և քրիստոնեության միջև եղած կապի տեսանկյունից: Ծիածանը՝ իր գույներով, աստվածաշնչային խոստման սիմվոլ է: Աստված Նոյին ծիածան ցույց տվեց՝ որպես նշան այն բանի, որ այլևս երբեք համաշխարհային ջրհեղեղ չի լինի: Մասնավորապես Աստվածաշնչում կարդում ենք Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ։ Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը։ Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ։ Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ։ Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան։ Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը» (Ծննդոց 9, 12-16)։
Աստծո և մարդկության միջև հաշտության ծիածանային խորհրդի մասին գրում է նաև հայտնի Britannica հանրագիտարանը՝ ասելով, որ հենց այդ խորհուրդն արտացոլում ունի Հայաստանի և Եթովպիայի դրոշներում:
Ի դեպ, դեռ Սարյանից առաջ ծիածանադրոշը որպես հայկական ազգային դրոշ էր առաջարկել Ղևոնդ Ալիշանը՝ դեռևս 1885-ին՝ այն ժամանակ, երբ նման հարցով իրեն էին դիմել Ֆրանսիայի հայերը՝ ասելով «ծիածանագույն դրոշակ տրվեց հայերին, երբ Նոյյան տապանը հանգրվանեց Արարատ լեռան վրա»:










