Թուրքիայի սահմանը հատող սիրիացի փախստականների թիվը կտրուկ աճել է
Սիրիայի տարբեր քաղաքներում շարունակվող բախումների ընթացքում Սիրիայում երեկ զոհվել է 72 մարդ:
Սիրիայում մարդու իրավուքների ուսումնասիրությամբ զբաղվող, Լոնդոնում տեղակայված գրասենյակը տեղեկացրել է, որ զոհերի մեծ մասը` 43 մարդ, զոհվել է մայրաքաղաք Դամասկոսի տարբեր արվարձաններում տեղի ունեցած բախումների ընթացքում:
Հոմսում զոհվել է 14, Իդլիբում 5, Լաթաքիայում 4, Դարաայում 2, Համայում, Դեյր էզ Զորում, Հալեպում և Հասաքեյում մեկական մարդ:
Երեկ ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հայտարարել էր Սիրիայում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադառնալով այդ փաստին, նշել է, որ անհապաղ պետք է գործողություններ ձեռնարկել:
«Դիտորդների անվտանգությունը կարևոր է, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Սիրիայում ողբերգությունը դադարեցնելու համար»,- ասել է նա:
Դավութօղլուն նաև նշել է, որ իրենք սատարում են Քոֆի Անանի ծրագրին, սակայն ծրագրով հրադադարի հաստատումից հետո թուրքական սահմանը հատող սիրիացի փախստականների թիվը կտրուկ աճել է, ինչը մտահոգիչ է: Այս պահին Թուրքիայի փախստականների ճամբարներում ապաստան են ստացել 30.900 սիրիացի փախստականներ:









