Մեծ Բրիտանաիան միջուկային սուզանավի ռեակտոր կպատվիրի Rolls-Royce-ին

17:37 • 17.06.12

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Rolls-Royce ընկերության հետ կնքած 1.6 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում, գալիք շաբաթ պատրաստվում է Astute նոր սերնդի միջուկային սուզանավերի համար նախատեսված ռեակտոր պատվիրել, հաղորդում է Reuters-ը:

 

Ըստ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկի տվյալների` ընկերությունը պետք է զբաղվի նաև Բրիտանիայի միակ` սուզանավերի ռեակտորների արտադրությամբ զբաղվող գործարանի վերականգնողական աշխատանքներով, ինչը հնարավորություն կտա Rolls-Royce-ին 300 աշխատատեղ պահպանել:

 

Երկրի կառավարությունը մտադրություն է հայտնել 2020թ.-ից հետո փոխարինել 25 մլրդ ֆունտ սթերլինգ ընդհանուր արժողությամբ 4 միջուկային «Վանգարդ» սուզանավերը: Վարչապետ Դևիդ Քեմերոնի Պահպանողական կուսակցությունը կողմ է արտահայտվել նոր սուզանավերի խմբի ստեղծմանը, որի նախնական աշխատանքների վրա միայն կծախսվի 3 մլրդ ֆունտ: Ի տարբերություն նրանց` Լիբերալ-դեմոկրատները կողմ են ավելի էժան և ավելի պակաս կործանիչ ներուժ ունեցող սուզանավերի: