Փարիզում արտգործնախարարների հանդիպումից նոր բան պետք չէ սպասել. Ալեքսանդր Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է, որպես նախապատրաստում երկու երկրների նախագահների հանդիպմանը:
«Այս հանդիպումից որևէ բեկումնային բան պետք չէ սպասել: Բայց ինչ էլ որ լինի, այս հանդիպումները մեզ համար խնդրի ոչ հայանպաստ կերպարի շրջանակներում է հանդես գալիս»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր սադրանքները պլանավորում է, որպեսզի ճնշում գործադրի թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության վրա:
«Ես այդքան չեմ կարևորորում այդ հարձակումները: Շատ ավելի վտանգավոր է այն, որ Ադրբեջանն ուզում է բոլորի մեջ ամրապնդի այն գաղափարը, որ նա իրավունք ունի ուժով վերցնելու իր հողերը: Մենք ամեն կերպ պետք է հասկացնենք միջազգային հանրությանը, որ նա օրենքով իրավունք չունի անգամ մի թիզ հող պահանջելու»,-ասաց նա:
Հարցին, թե առաջիկայում պլանավորվող զորավարժություններն արդյոք պատերազմի նախապատրաստություն է, նա պատասխանեց.
«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Ընդհանրապես ամբողջ աշխարհում բոլորը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, քանի որ առկա է մրցակցություն: Մենք պետք է պատրաստ լինենք նաև տնտեսապես: Խաղաղությունը լավ է, բայց չպետք է մոռանանք հնարավոր պատերազմի մասին»,- ասաց նա և ավելացրեց, որ իր կանխորոշմամբ պատերազմ չի լինելու:
Միաժամանակ նա նշեց, որ պատերազմի ժամանակ խուճապի մատվնվել չի կարելի, պետք է ոգեշնչված գնալ ու հաղթել: Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ ինքն էլ հարկ եղած դեպքում կգնա պատերազմ:









