ՀՀ վարչապետը առողջապահության նախարարության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին
Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի
Մարդիկ, այսուհետ, չպետք է վախենան հիվանդանալուց և առողջապահության ոլորտը պետք է լինի հասանելի բոլորի համար: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դերենիկ Դումանյանը, երբ վերջինիս ՀՀ վարչապետը ներկայացրեց առողջապահության նախարարության աշխատակազմին:
Շարունակելով նորանշանակ նախարարի միտքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս նկատեց, թե ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում բժշկի, իսկ պատճառը ֆինանսական խնդիրներն են։
Նշենք, որ հանդիպմանը ներկա չէր ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանը. վերջինս վարչապետի թույլատվությամբ գտնվում է արտերկրում:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին, վարչապետն ասաց՝ նա ոչ միայն հայտնի մարդ է առողջապահության համակարգում, այլև՝«Քաղաքական գործիչ, պարոն Դումանյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է»:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կազմավորվեց նոր կառավարություն:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, քանի որ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ–ի հետ:
Նշենք նաև, որ Դերենիկ Դումանյանը, մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ վերջինս ամիսներ առաջ, Tert.am-ի հետ զրույցում բացառել էր իր` նախարարի պաշտոնում նշանակվելը, նշելով, թե ինքը ցանկանում է մնալ որպես ռեկտոր:









