Ադրբեջանն այժմ էլ «յոլա չի գնում» հարևան Թուրքմենստանի հետ
Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Թոյլի Կոմեկովն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան ընդունել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև 2008 թ.-ին ձեռքբերված համաձայնագրի համաձայն` երկու երկրները չեն կարող Կասպից ծովի` երկրների տիրույթների հատման կետում իրականացնել որևէ հետախուզական կամ հանքարդյունաբերական գործունեություն ծավալել, քանի դեռ ծովի հատակի բաժանման մասին համաձայնություն ձեռք չի բերվել: Իսկ այդ հատման կետում գտնվող «Քյափազ» հանքահորում Թուրքմենստանի կողմից սեյսմիկ աշխատանքներ սկսելու փորձը նշանակում է համաձայնագրի խախտում:
Այս կապակցությամբ, Ադրբեջանը թուրքմենական կողմին խիստ բողոք է հայտնել` նշելով, որ Թուրքմենստանի կողմից հակաիրավական գործունեությունն անթույլատրելի է, իսկ ադրբեջանական կողմն իրավունք ունի ձեռնարկել համապատասխան միջոցներ` Կասպից ծովում իր իրավունքը պաշտպանելու համար:









