Առանց այդ օլիգարխիայի դեմ հաջող և արդյունավետ պայքարի, Կառավարության ծրագիրը արդյունավետ իրականացնել հնարավոր չէ. Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե նոր խնդիրներ լուծելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են նոր կադրեր՝ նկատի ունենալով կառավարության «նոր» կազմը:
«Մեր հիմնական առանցքային խնդիրը մրցունակ պետության գաղափարի՝ այդ տեսլականի իրականացումն է»,- ասաց նա:
Հարցին, թե առաջիկա տարիներին Կառավարությունը վճռական պայքար կծավալի՞ օլիգարխիկ համակարգի դեմ, նա պատասխանեց. «Մեր ծրագրում օլիգարխիայի դեմ իրականացվելիք երեք կետ կա: Կարևոր եմ համարում այն, որ առանց այդ երևույթի դեմ հաջող և արդյունավետ պայքարի, Կառավարության ծրագիրը արդյունավետ իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, այս ոլորտում բավական խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն»,- ասաց նա:
Բանախոսը նաև ընդգծեց, որ գերիշխող դիրքի առկայությունն օրենսդրորեն արգելված չէ, դատապարտվում է դիրքի չարաշահումը, ապա հավաստիացրեց, որ գերիշխող դիրքի չարաշահման դեմ ավելի արդյունավետ պայքար է իրականացվելու:
Նա նշեց, որ եթե չլինի այնպիսի ռիսկային իրավիճակ, ինչպիսին եղավ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ապա նոր ծրագրերը կգան լրացնելու կիսատ թողնվածը:
«Աստված չանի, եթե մի նոր ճգնաժամ սկսվի, Հայաստանն անմասն չի մնա և պետք է վերանայի իր ծրագրերը»,- եզրափակեց բանախոսը:









