Թուրքիայում վաճառվել է Գալուստ Գյուլբենկյանի առանձնատունը. 200 տարվա կառույցը բուտիկ-հյուրանոց կդառնա

10:22 • 18.06.12

Թուրքիայի Քայսերի քաղաքում վաճառվել է հայազգի բարեգործ, ժամանակի մեծահարուստներից Գալուստ Գյուլբենկյանի տունը:
 

Տան նոր տերը` Նեջիփ Դինչերը պատրաստվում է այն բուտիկ-հյուրանոց դարձնել:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթը, Օսմանյան կայսրության օրոք ամենահարուստ հայերից մեկը համարվող Գալուստ Գյուլբենկյանի առանձնատան շինարարությունը կսկսվի, հենց որ մշակութային արժեքների պահպանության հիմանադրամը թույլտվություն տա:


Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, ճարտարապետ Գևորգ Օզքարագյոզը գոհ է որոշումից, քանի որ շինության պատմական տեսքը չի խախտվելու:
 «Տարածաշրջանում տասնյակ առանձնատներ են քանդվել: Այս կերպ շինությունը կանգուն կմնա, դա պատմական ձեռքբերում է»,- ասել է նա:
 

1800-ականներին կառուցված շինության վերնահարկն ամբողությամբ քանդվել է:

«Առանձնատունն արդեն մի քանի անգամ վաճառվել է: Ես Ստամբուլում մի բժշկից եմ գնել»,- ասել է շինության նոր սեփականատեր Դինչերը:
 

Նոր տերը խոստացել է, որ շինությունը չի կորցնելու նախնական տեսքը և դրա վերակառուցման համար ծախսվելու է 900 հազար թուրքական լիրա: Նա խոստացել է նաև, որ առանձնատան անունը «Գյուլբենկյան» է մնալու: