«Հարսնաքարի» ծեծկռտուքի միջադեպը բացահայտված է, ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները
Ոստիկանությունը բացահայտել է այս գիշեր Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները։ «Միջադեպի մանրամասները բացահայտված են, ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, այս պահի դրությամբ 4 անձ արդեն հարցաքննվել է, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Վերջինս տեղեկացրեց նաև, որ նախաքննական մարմինը որևէ գործողություն չի կատարել տուժողների հետ, քանի որ բժիշկների գնահատմամբ նրանց վիճակը ծանր է, սակայն նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 2-ի սահմաններում ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել երկու անձ` մարմնական վնասվածքներով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրում:
Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am–ին հայտնել էին, որ դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ) հատկանիշներով:
Նշենք, որ ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, երեկ ժամը 23:00-ին, Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, ով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալից հայտնել են, որ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Tert.am –ի տեղեկություններով՝ երեկ Վահե Ավետյանին ու իր ընկերոջը ռեստորան չեն թողել` սպորտային հագուստի պատճառով: Անվտանգության աշխատակիցները նրանց զգուշացրել են, որ սպորտային զգեստով ռեստորան մտնել չի կարելի: Երիտասարդները չեն առարկել, հեռացել են, ապա փոխված՝ կրկին վերադարձել են: Իսկ միջադեպը տեղի է ունեցել արդեն վերջում, երբ հաշիվը բերած մատուցողը, ըստ ականատեսի, վեճ է հրահրել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ նախ միջամտել են, ապա այն թեժացրել:
Tert.am–ի տեղեկություններով, ըստ ամենայնի, նշված միջադեպի քննությունը կտեղափոխվի ՊՆ քննչական ծառության վարույթ։









