«Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծի գործով քրեական գործ է հարուցվել
Հունիսի 18-ի գիշերը ժամը երկուսի սահմաններում ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել երկու անձ`մարմնական վնասվածքներով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրում: Ներկայումս դեպքի հանգամանքները ճշտվում են: Այս մասին Tert.am –ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ՝ հավելելով, որ հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այն է` «երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ»:
Նշենք, որ ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, երեկ ժամը 23:00-ին, Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, ով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալից հայտնել են, որ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Tert.am –ի տեղեկություններով՝ երեկ Վահե Ավետյանին ու իր ընկերոջը ռեստորան չեն թողել` սպորտային հագուստի պատճառով: Անվտանգության աշխատակիցները նրանց զգուշացրել են, որ սպորտային զգեստով ռեստորան մտնել չի կարելի: Երիտասարդները չեն առարկել, հեռացել են, ապա փոխված՝ կրկին վերադարձել են: Իսկ միջադեպը տեղի է ունեցել արդեն վերջում, երբ հաշիվը բերած մատուցողը, ըստ ականատեսի, վեճ է հրահրել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ նախ միջամտել են, ապա այն թեժացրել:









