Հովիկ Աբրահամյանն ընդառաջ գնաց ընդդիմադիր խմբակցություններին

17:38 • 18.06.12

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները կներգրավվեն խորհրդարանական 12 հանձնաժողովների աշխատանքներին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Parliament.am կայքից:

 

ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծ է մշակվել, որով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածի 6.1 մասը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը.

«Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչև երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր»:

 

ԱԺ կանոնակարգ օրենքը նաև արձանագրում է.«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է ներկայացված լինել անդամների այնպիսի քանակով, որ չկարողանա մասնակցել ԱԺ բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին, որոնք ստեղծված են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հանձնաժողովների առավելագույն քանակով»:

 

Հետևաբար. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի ներկայիս տարբերակը հնարավորություն կընձեռի.«Խմբակցություններին և պատգամավորական խմբերին՝ միևնույն անդամին ներկայացնել առավելագույնը 2 հանձնաժողովում: Մինչդեռ հնարավոր է իրավիճակ, երբ անգամ երկու հանձնաժողովում ներկայացված լինելու արդյունքում, խմբակցությունը ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում ներկայացված չլինի: Այս նախագիծը հնարավորություն է ընձեռում, որպեսզի խմբակցության /խմբի/ անդամը կարողանա մասնակցել ԱԺ մինչև 3 հանձնաժողովների աշխատանքներին»,-նշված է Կանոնակարգ օրենքում: