«Կենտրոն»-«Հրապարակ»` հեռակա բանավեճ
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը պատասխանել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի տարածած հերքում-հաղորդագրությանը, ով հայտարարել էր՝ սուտ է «Հրապարակ» օրաթերթի հունիսի 16-ի համարում տպագրված այն լուրը, թե ինքն ազատվել է աշխատանքից:
Սերգեյ Ադումյանը հանդես էր եկել այսպիսի հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է.
«Կենտրոն» հեռուստաընկերության և անձամբ իմ մասին հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կրում է ակնհայտ պատվիրված բնույթ:
Հեռուստաընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը. իրականացվում են տեխնիկական վերազինման և արդիականացման աշխատանքներ: Աշխատակազմում առողջ, աշխատանքային մթնոլորտ է: Ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները»:
Ըստ Սերգեյ Ադումյանի, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը խախտել է նաև մասնագիտական, լրատվական էթիկայի նորմերը.«Ցանկացած էժան պատվեր կարող է ծնել նաև հակազդեցություն»,- գրում է Սերգեյ Ադումյանն իր հայտարարության մեջ:
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենի հերքմանը հաջորդեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի պատասխանը, որը տեղադրված է hraparak.am կայքում:
Պատասխանում Արմինե Օհանյանը գրում է.
«Շաբաթ օրը մեր թերթում մի լուր էինք տպագրել այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանին ազատել են աշխատանքից: Լուրն անչափ վրդովվեցրել է պրն. Ադումյանին և նա կայքերը հեղեղել է հերքումներով: Բայց հերքումը դեռ ոչինչ, ինչ-ինչ որակումներ է տվել մեր թերթին և, մասնավորապես, ինձ՝ «Հրապարակի» խմբագրին:
Ի՞նչ է ասել Ադումյանը: Ասել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թվում է, եթե այդպես է, այս նախադասությամբ պետք է ավարտվեր տեքստը: Քանզի եթե չկա պաշտոնաթողություն, ուրեմն ամեն ինչ օքեյ է, էլ ի՞նչ իմաստ ունի վրդովվելը:
Բայց՝ ոչ: Պարզվում է, ըստ հեղինակի, տեղեկատվությունը «կրում է ակնհայտ պատվիրված բնույթ»: Երբեք չեմ հասկացել այն անձանց, ում թվում է, թե երկրագունդը պտտվում է իրենց շուրջ և մարդկանց ու կառույցների մի հսկա զանգված ուրիշ բան ու գործ չունեն, քան իրենց անձի դեմ դավեր նյութելը և իրենց դեմ «պատվերներ» տալը:
Նաև չեմ հասկանում, թե ով պետք է «պատվեր» տար սույն անձնավորության դեմ, որին մեզանից շատերը, այդ թվում՝ ես, ո՛չ դեմքով ենք ճանաչում, ո՛չ գիտենք թե ինչ հայացքների տեր է, ինչ է արել մինչ օրս և ինչ է ուզում անել, որ չեն թողնում, և, ընդհանրապես՝ ինչ է իրենից ներկայացնում, որ թշնամիներ ունենա և ըստ այդմ՝ աշխատանքից հանելու «պատվիրատուներ»:
Լուրը, որը հերքել է Ս.Ադումյանը, շուրջ 10 օր շրջանառվել է լրատվական միջավայրում, անշուշտ, հիմնավոր է, համենայն դեպս՝ պրոցեսներ են գնացել և, եթե մեր հրապարակման արդյունքում այդ պրոցեսներն առայժմ կասեցված են, դա դեռ չի նշանակում, որ դրանք չեն եղել: Բայց խնդիրը դա էլ չէ: Ոչ մեկս անսխալական չենք, այդ թվում «Հրապարակի» լրագրողները:
Մեզ և հեռուստադիտողներից շատերի համար բացարձակապես մեկ է, թե ով կլինի «Կենտրոնի» տնօրենը, որից համոզված ենք՝ շատ քիչ բան է կախված:
Այդ լուրը մեր թերթում տեղ է գտել այնքանով, որքանով դա ինչ որ խումբ մարդկանց կարող է հետաքրքրել: Եթե Ադումյանին թվում է, թե՝ «հեռուստաընկերության բնականոն աշխատանքի» շարունակությունը կամ «առողջ աշխատանքային մթնոլորտը» կապված են սոսկ իր անձի աշխատանքը շարունակելու հետ, դա իր անձնական տեսակետն է, որը ևս գոյության իրավունք ունի:
Բայց ամենաուշագրավը հերքման ավարտն է. «Ես հասկանում եմ, որ պատվերն ու բարոյականությունն այս պարագայում անհամատեղելի են, սակայն «Հրապարակի» խմբագիրը խախտել է նաև մասնագիտական, լրատվական էթիկայի նորմերը: Ցավով եմ արձանագրում փաստը, միաժամանակ զգուշացնում, որ ցանկացած էժան պատվեր կարող է ծնել նաև հակազդեցություն: Վստահ եմ, «Հրապարակի» խմբագիրն ինձ հասկացավ», գրել է սույն անձնավորությունը:
Ուրեմն, հատուկ ադումյանների համար ասում եմ՝ պատվերը դուք եք կատարում և ձեր ողջ կյանքում: Ինձ հետ սպառնալիքի լեզվով խոսել չեք կարող և ձեր տխմար զգուշացումները պահեք այն օրերի ու անձանց համար, երբ նրանց հրահանգով կարող եք հայտնվել առյուծների վանդակի մոտակայքում:
«Հրապարակը» ոչ մի նորմ չի խախտել՝ ընդամենը բարձրաձայնել է վաղուց շրջանառվող տեղեկությունը և Ադումյանի հետ չի կարողացել կապվել, քանի որ նրա հեռախոսը օրեր շարունակ կամ անջատված է, կամ անհասանելի»,-գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն իր տարածած հայտարարության մեջ:









