Մանկավարժականի շրջանավարտները դիպլոմներ ստացան վարչապետից

18:04 • 18.06.12

ՀՀ վարչապետ և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում ՀՊՄՀ-ի կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ ավարտական դիպլոմներ է հանձնել այս տարվա շրջանավարտներից լավագույններին: Այս մասին տեղեկացնում են ՀՊՄՀ-ից:

 

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամները՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

 

Արարողությունը սկսվել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

 

Նա, շնորհավորելով շրջանավարտներին, մասնավորապես, ասել է.«Դուք այսօր ոտք եք դնում նոր կյանք. թող միջավայրը չազդի ձեզ վրա, այլ դուք` որպես աբովյանականներ, ձեր կնիքը թողեք կյանքի վրա: Թիավարեք հոսանքին հակառակ. դա է բնորոշ անհատի գործողությանը»,-խորհուրդ է տվել հոգևոր առաջնորդը:

 

Ապա համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը կարմիր դիպլոմներ է հանձնել 11 ֆակուլտետների լավագույն 22 ուսանողների:


Պաշտոնական մասին հաջորդել է տոնական համերգը. հայ էստրադայի ներկայացուցիչներ Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Մհերն ու Էրիկը շնորհավորել են շրջանավարտներին և իրենց կատարումներով տոնական շունչ հաղորդել երեկոյին:

 

Մեկ օրում բուհի բոլոր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու ավանդույթն համալսարանում սկզբնավորվել է նախորդ տարվանից:

 

Տեղեկացնենք, որ մանկավարժական համալսարանն այս տարի ունեցել է 2003 շրջանավարտ: