Վարչապետը ներկայացրեց նորանշանակ նախարարներին, իսկ հներից Մանուկ Վարդանյանը խոստացավ՝ հասանելի լինել
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանական նախարար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով նախարար նշանակված, այլևս նախկին նախարար Մանուկ Վարդանյանին՝ լավ աշխատանքի համար, ապա շնորհավորեց նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, դիմելով նախարարության աշխատակազմին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ներողություն խնդրեց՝ «մի քիչ կոպիտ և պահանջկոտ լինելու համար»:
Նախկին նախարարը նաև ներկաներին խոստացավ, որ յուրաքանչյուրի համար հետայսու ևս հասանելի կլինի, և կարող են «կապվել իր հետ»:
Դիմելով նորանշանակ նախարարին՝ Մանուկ Վարդանյանն ասաց, որ ոլորտում ծրագրերը կա՛մ ընթացքի մեջ են, կա՛մ դեռ գտնվում են ավարտական փուլում. նախկին նախարարը նկատի ուներ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը և ոլորտում սկսված բարեփոխումները:
Ինչ վերաբերվում է նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին, ապա վերջինս խոսեց շատ հակիրճ՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Ուզում եմ ասել, որ կարդարացնեմ բոլորիդ հույսերը»,-հայտարարեց Գագիկ Բեգլարյանը:
Այնուհետև, վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանի հետ ուղևորվեց քաղաքաշինության նախարարություն՝ ՕԵԿ նորանշանակ նախարարին՝ աշխատակազմին ներկայացնելու համար:
Տեղեկացնենք, որ այս պաշտոնում Սամվել Թադևսյանը փոխարինում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ով հանձնեց նախարարի պորտֆելը ԲՀԿ-ի՝ քաղաքական կոալիցիային չմիանալու պատճառով:
Հիշեցնենք նաև, որ շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց նորանշանակ կառավարության անդամների նշանակման մասին:
Առջևում Ազգային ժողովի արտահերթ նիստն է՝ Կառավարության ծրագրի հաստատման օրակարգով:









