Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը քաղաքական ենթատեքստ չունի. Գագիկ Մինասյան

15:52 • 18.06.12

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում. այս մասին նա այսօր հայտարարեց հրավիրված մամուլի ասուլիսում:
 


«Խնդիրն առայժմ գտնվում է իրավական հարթության մեջ և չի կարելի որևէ քաղաքական գնահատական տալ: Երբ կվերջանա այս գործընթացը, գուցե, ինչ-որ բան պարզվի»,-ասաց բանախոսը և զարմանալի համարեց այն, որ այսօր շատերն այդ գործընթացը քաղաքականացնում են:



Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ հետ է կապված այն, որ ԲՀԿ-ի երկու քաղաքական դեմքերի՝ Հմայակ Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի նկատմամբ, ովքեր նախընտրական շրջանում խոսում էին իշխանության դեմ, այսօր քրեական գործ է հարուցվել, Մինասյանը պատասխանեց. «Միևնույն է, դա չպետք է ձեզ հիմք տա կարծելու, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի: Եթե գործը գտնվում է իրավական հարթության մեջ, չի կարելի որևէ բան ասել: Չեմ բացառում, որ իրավական գործընթացներն ավարտվեն ու պարզվի, որ մեղադրանքները հիմնավոր չէին»:

 
 

Հարց ուղղվեց Գագիկ Մինասյանին, թե ինչո՞ւ գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, բանախոսի պատասխանն այսպիսին էր՝ կին գործարարը դիմում էր ներկայացրել դատարան, սակայն թե ինչո՞ւ գործին ընթացք չտրվեց, ինքն այլևս տեղեկություն չունի: