Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռոմիկ Մաթևոսյանին ներգրավել են գլխաքանակ ապահովելու համար. փաստաբան

13:56 • 18.06.12

Պետական դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալն անմեղ է, իսկ նրա նկատմամբ հարուցված քրեկան գործը «սարքովի է»՝ հիմնված ենթադրությունների վրա: Նա դիմել է վերքննիչ դատարան և պահանջում է քրեական գործի կարճում, այնուհետև իր պաշտպանյալի ազատում, այն հիմքերով, որ իբր նա  քրեորեն պատժելի որևէ արարք թույլ չի տվել: «Մեղադրանքը բացարձակապես իր հետ կապ չունի, սարքովի մեղադրանք է, կատարյալ անգրագետ կերպով սարքած փաստաթղթեր, իսկ թե ինչ նպատակով են արել միայն իրենք գիտեն»,- նշեց փաստաբանը:

 

Ըստ նրա՝ քրեական գործն հարուցվել է գործով հիմնական մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի ցուցմունքների հիման վրա, ում երկու րոպե հարցաքննելուց հետո Մաթևոսյանին ձերբակալել են:
 

Որպես գործի հիմնական մեխ փաստաբանը բերում է մեղադրանքի հիմքում բերված նրա իսկ խոսքով «բարբաջանքը». «Մաթևոսյանն ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հեռախոսակապ է հաստատել ՀՀ ՊՆ-ում գրանցված բջջային հեռախոսահամարի բաժանորդի, ինչպես նաև առանձին զինծառայողների հետ»,- ասաց նա և ավելացրեց, որ բացի վերը նշվածից, իրական ապացույցներ չեն ներկայացվել: Ըստ նրա, ոչ նշվում է որևէ անուն, ոչ հեռախոսի համար: «Որևէ զինծառայողներ, կամ նրանց բջջային հեռախոսներ քրեկան գործում չկան և չեն էլ կարող լինել, քանի որ արհեստական ապացույցներ են մտցվել գործի մեջ»,- ասաց նա:
 

Նշենք, որ համաձայն մեղադրանքի` Թուրքիայում Ռոմանը ծանոթացել է Սայիդ և Տիգրան անուններով երկու ադրբեջանցիների հետ, հավաքագրվել նրանց կողմից և առաջադրանք ստացել հավաքագրել տեղեկատվություն ՀՀ և ԼՂՀ զորամասերի մասին: Մեղադրական կողմը պնդում է, որ Մաթևոսյանն օգնել է գործով անցնող հիմնական մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին:
 

Մինչդեռ ըստ փաստաբանի, միակ ճշմարտությունն այն է, որ իր պաշտպանյալն իրոք ապրել է Թուրքիայում և ճանաչել է Կարեն Մեհրաբյանին:


Սարգիս Ասլանյանի համոզմամբ՝ նպատակը գործում գլխաքանակ ապահովելն է: «Բացառապես Կարեն Մեհրաբյանի ցուցմուքններով ևս մի քանի մարդ է ներգրավվել գործում: Եթե Կարեն Մեհրաբյանը չլիներ, այս գործում ամենաշատը երկու մեղադրյալ կլիներ, իսկ քրեական գործում 6 ամբաստանյալ կա, որոնցից երեքի դեմ գործ է հարուցվել է տեղյակ լինելու և չհայտնելու հիմքով: Ես համոզվում եմ, որ սա արվում է մեղադրյալներ ապահովելու համար»,- ասաց նա և հավելեց. «Ցավոք սրտի ապահովվեց, որի համար, երբ քրեական գործն արդեն դատարնում էր՝ քննիչ Արմեն Թևանյանը պետական պարգև ստացավ»: