Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին
Լուսանկարը Armenpress-ի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 18-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադևոսյանին: Վարչապետը նախարարին բնութագրեց որպես «փորձառու մասնագետ, ով անցել է մեծ ճանապարհ»:
«Սամվել Թադևոսյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, նրա աշխատանքային փորձը, գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որ դրվում են նախարարի առջև»,- նկատեց վարչապետը: Վերջինս նշեց, որ պետք է նախարարների փոփոխությունը լինի սահուն, և նորանշանակ նախարարը կարողանա լիարժեք կերպով անցնել իր պարտականությունների կատարմանը: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ աշխատակազմը պատրաստ է ապահովելու նախարարության բնականոն գործունեությունը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վարդան Վարդանյանին` թե որպես մասնագետի, թե որպես գործընկերոջ, ում պաշտոնավարման օրոք իրականացվել են երկրի պատմության մեջ ամենամեծածավալ շինաշխատանքները, որոնց արդյունքում աղետի գոտում որակական փոփոխություններ են կատարվել: «Հենց Վարդան Վարդանյանի օրոք է կատարվել ամենամեծ ծավալների շինարարությունը: Շուրջ 250 միլոն դոլարի շին աշխատանքներ են կատարվել աղետի գոտում, որտեղ 6000 ընտանիքներ արդեն ունեն բնակարաններ»,- ասաց վարչապետը:
Նախկին նախարար Վարդան Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին` անցած հինգ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանն էլ նշեց, որ նախարարությունը կհաղթահարի իր առջեւ դրված բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ուենցած խորհդրարանական ընտրություններից հետո իշխող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ստորագրեցին կոալիցոն հռչակագիր, որով ՕԵԿ-ն ստացավ նախարարական երեք պորտֆել:









