Լինելով խորհրդարանական ուժ, շարունակում ենք մնալ արտախորհրդարանական. Արամ Մանուկյան
Հայ ազգային կոնգրեսը, ներկայացված լինելով խորհրդարանում, մնում է նաև արտախորհրդարանական ուժ և ամեն ինչ անելու է՝ ժողովրդի ճնշումն իշխանության վրա շարունակելու, ուժեղացնելու համար: Tert.am –ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը և հավելեց.«Մեր հիմնական գործիքը լինելու է ժողովրդի ճնշումը, հենց այս նպատակով էլ ամսի 26-ին հանրահավաք ենք հրավիրել»:
Հիշեցնենք, որ հանրապետական որոշ պատգամավորներ իրենց ելույթներում, որպես կանոն, հույս են հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված լինելով, Կոնգրեսը փողոցային պայքարից կհրաժարվի և գործընթացները կտեղափոխի ԱԺ:
Արամ Մանուկյանն հավելեց, որ ուրբաթ օրը հրավիրված ՀԱԿ-ի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցության օրակարգում բացի հունիսի 26-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հարցից, քննարկվել է նաև աշնանը մի շարք համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Կոնգրեսի մասնակցության, հետագա աշխատանքների կազմակերպման հարցեր: Վերջին մասին առայժմ որոշում չկա:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորն հայտնեց նաև, թե խմբակցությունը որոշում չունի կառավարության գործունեության ծրագրրի հետ կապված: «Մենք կառավարության ծրագիր չենք տեսել»,- ասաց Արամ Մանուկյանը:
Մեր այն հարցին, թե ինչու չեն օգտվել իրենց հնարավորությունից և չեն մասնակցել կառավարության նիստին, վերջինս պատասխանեց, որ այդ ևս չի քննարկվել: Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու կառավարության նիստերին:









