Հայոց լեզվի և գրականության շտեմարաններում քիչ չեն վրիպակները. մասնագետներ
Վաստակավոր ուսուցչուհի, հայոց լեզվի և գրականության մասնագետ Բեատրիչե Ստեփանյանը գոհ է, որ այս տարի միասնական քննություններին նախապատրաստվելու համար դիմորդներին առաջարկվեց շտեմարաններ, բայց, ըստ նրա, շտեմարան կազմողներն ինչպես հարկն է, չէին ուսումնասիրել իրենց իսկ կողմից առաջադրված հարցերը:
«Հայոց լեզվի շտեմարանները կազմված են չորս գրքերից: Առաջին երեք շտեմարաններում բազում վրիպակներ հայտնաբերվեցին, իսկ չորրորդում՝ ցանկի հետ միասին հրատարակվեց վրիպակների էջեր: Տարբեր շտեմարաններից, եթե հաշվենք, շուրջ 200 վրիպակ կարելի է գտնել»,-ասաց նա և ավելացրեց, որ վրիպակներ են հայտնաբերվել անգամ հրատարակված էջերում և, այս առումով, ուսանողը կանգնել է բարդությունների առջև:
Հայոց լեզվի և գրականության դասախոս Սուսաննա Աբազյանը, շարունակելով իր գործընկերոջ միտքը նշեց, որ շտեմարան կազմողները հանրապետության առաջատար մասնագետներ են համարվում, և այդ պատճառով պետք է ավելի պատվախնդրորեն մոտենան իրենց աշխատանքին:
«Շտեմարանները կազմված են մի քիչ անխնամ: Հինգ հազար հարցի մեջ 200 վրիպակը շատ է: Սակայն նշեմ, որ ինձ համար շատ ավելի կարևոր է, որ հայ երեխան ճիշտ հայերեն խոսել սովորի և ոչ թե անգիր անի ու հետո մոռանա»,-ասաց նա և ավելացրեց, որ երեխաների մեջ պետք է լեզվամտածողություն սերմանել, ոչ թե նրանց «քերականախեղդ» անել:
Շտեմարանով պարապող երեխայի միտքը կաղապարվում է, կարծում է դասախոս Աբազյանը:
Վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանն էլ նշեց, որ շտեմարանում հաճախ սխալ են շարադրված վարժության պահանջների հարցադրումները և երեխայից պահանջում են մի բան, ինչը նա դպրոցում՝ ծրագրով նախատեսված չի անցել:
« Օրինակ, հարցերից մեկն է՝«Այրվող այգեստանները» գիրքը ինչպե՞ս է ավարտվում»: Բայց այդ գիրքը գրականության ցանկանում, ընդհանրապես, չկա և չի կարելի պահանջել, որ դիմորդն իմանա: Եվ հետո, հաճախ գրված է, թե՝ այսինչ գրքի, այսինչ գլխում ի՞նչ իրադարձություն տեղի ունեցավ: Այդպես գրականություն չեն սովորում»,-ասաց Բեատրիչե Ստեփանյանն ու ավելացերեց, որ շտեմարանը երեխային չի մղում սովորելու, այլ միայն անգիր անելու:









