Պատրաստ եմ բարձր մակարդակով իրականացնել ոլորտի բարեփոխումները. ՀՀ սոցիալական ապահովության նորանշանակ նախարար

12:35 • 18.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo–ի


Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս ներկաներին հավաստիացրեց, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ոլորտի բարեփոխումները:



«Պարոն վարչապետ, ես շնորհակալ եմ վստահության համար, ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին և պետք է ասեմ, որ կարդարացնեմ սպասելիքները և կիրականցվեն ոլորտի խնդիրները՝ բարձր մակարդակով»,-հայտարարեց նորանշանակ նախարարը:



ՀՀ վարչապետը նշեց, որ սոցիալական ոլորտը կարևորագույն բնագավառներից մեկն է, ինչով էլ հաճախ գնահատվում է կառավարության ընդհանուր աշխատանքը: «Քանի դեռ մենք ունենք աղքատություն և բարձր աշխատավարձով աշխատատեղերի կարիք, մեր առջև ծառացած են լրջագույն անելիքներ: Մեզ առաջիկայում սպասվում է մեծածավալ աշխատանք: Առջևում են նոր կենսաթոշակային բարդ և ծավալուն բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայության ներդրումը»,- ասաց վարչապետ Սարգսյանը:

 

Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց նախկին նախարար Արթուր Գրիգորյանի կատարած աշխատանքը և նշեց, որ վերջինս եղել է կառավարության լավագույն նախարարներից մեկը:

 
 

Արթուր Գրիգորյանն էլ ձեռքսեղմումով շնորհավորեց նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանին, ապա շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին՝ ապագա համատեղ աշխատանքի համար:

 

Հիշեցնենք, որ Արտեմ Ասարտրյանը, մինչ Սոցիալական ապահովության նախարար նշանակվելը, եղել է նույն նախարարության նախարարի տեղակալը: